Ավագ Շաբաթի Մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: Այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումը:

Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որին հաջորդում են Ավագ երկուշաբթին, Ավագ երեքշաբթին և այլն…

  • Ավագ երկուշաբթի-Անպտուղ թզենու չորացում:

Без названияՆվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին, և Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը: Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուս քաղց է զգում: Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով` մոտենում է նրան և նրա վրա տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը:
Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է ս. Հակոբոս առաքյալը` «Հավատքն առանց գործերի մեռած է»: Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուսը մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել»: Աստծո Տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:

  • Ավագ երեքշաբթի – Տասը կույսերի առակը:

Без названия (1)

Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին և իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառվող, իսկ հինգը` հանգած: Մանուկների ձեռքը վառվող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծու պատուիրաններն աչքի առաջ ունենալը և գործելը:
Օրվա ավետարանական պատգամն է. «Արթո՜ւն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան և ձեր բարի կամ չար գործերի քննության ո՜չ օրը և ո՜չ էլ ժամը»․․․

  • Ավագ չորեքշաբթի – Օծում և մատնություն:

Без названия (2)Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»: Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ Տասներկուսից մէկը` Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան»:

  • Ավագ հինգշաբթի-Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա:

Без названия (3)Առտվոտյան մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց և տվեց տասներոկւ աշակերտներին ու ասաց. «Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՜ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար»։ Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, Իր արյունը հեղելով և Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ Սեղանի վրա օրհնված և պատարագված հացն ու գինին են: Դրանք Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունն են և հոգևոր սնունդ` հավատացյալների համար. «Ով ուտում է իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի»:

        Ոտնլվա:

Без названия (4)Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով ` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» : Ոտնլվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում Ընդհանրական Եկեղեցու տիեզերալույս վարդապետներից սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373): Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է Քրիստոսի ձեռքով կատարված ոտնլվան: Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում:

  • Ավագ Ուրբաթ – Տիրոջ խաչելությունը և թաղումը:

Без названия (5)Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է «Խավարման» արարողությունը:
Խավարում: Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության և մեղքերի քավության համար:
Արարողությունն սկսվում է այսպես. խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր և մեկ հատ մեծ` նրանց միջև: «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ և սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր միայնակ:

  • Ավագ Շաբաթ – Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ:

Без названия (6)Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսոսի թաղմանը (Մատթ. ԻԷ 57-61) և գերեզմանի կնքմանը (Մատթ. ԻԷ 62-66): Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը. «Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը» ։Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին.
Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատկի` Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:

  • Զատիկ – Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը:

This slideshow requires JavaScript.

Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական պատարագին լսում ենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարության` պատասխանելով.
«Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s